Որևէ մեկը չի գա ոստիկանություն հաղորդում տա, եթե իմանա տեսախցիկների մասին․ Արմեն Խաչատրյան

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախատեսվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

Սարքերը  կտեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ոչ գաղտնի օպերատիվ հարցումները:

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հանձնաժողովում ներկայացնելով նախագիծը նշեց, որ այս տարի արդեն 44 միլիոն դրամ է ծախսվել 11 ստորաբաժանումներ տեսախցիկներով կահավորելու համար։

2020, 2021, 2022 թվականների անհրաժեշտ կլինի մոտ 102 միլիոն դրամ։

«Ոստիկանները տեսախցիկները անջատելու իրավունք չեն ունենա։ Տեսախցիկը կարող է անջատվել, եթե հարցաքննվողը հրաժարվում է ցուցմունք տալ»,-նշեց փոխոստիկանապետը։

Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանն էլ նշեց, որ ոստիկանության բաժանմունքում ոստիկանը հարցաքննությունը կիրականացնի համապատասխան կահավորում ունեցող սենյակներում։

«Ոստիկանությունը պետք է զգուշացնի քաղաքացուն տեսաձայնագրման մասին, եթե չզգուշացնի, ապա կարգապահական պատասխանատվության միջոցներ կկիռարվեն»,-նշեց նա։

Պատգամավորները իրենց մտահոգությունը հայտնեցին օպերատիվ հարցումների սենյակում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ։

«Ինչպես եք պատկերացնում, որ անձը գա նախապատրաստվող, պատրաստված, կատարված հանցագործության մասին հաղորդում տա՝ տեսախցիկների տակ։ Որևէ մեկը չի գա ոստիկանություն հաղորդում տա, եթե իմանա տեսախցիկների մասին։ Խոշտանգումների խնդիրը ակտուալ չէ ոստիկանությունում, հրապարակվել էր 10 տարվա տեսանյութ, սակայն այդպիսի դեպքերը հազվադեպ են հանդիպում»,-նշեց Արմեն Խաչատրյանը։

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, որ եթե այսօր իշխանությունը ունի քաղաքական կամք և խոշտանգման դեպքեր չեն լինում, ապա հետո կարող է գալ մի օր, երբ իշխանության գան այնպիսիները, որոնք խրախուսեն ներգործության այս եղանակը։

Օրինագիծը 5 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել