Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի 30-ամյա մի բնակչուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել են իրեն, և նրանցից մեկը ոտքով հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ճշտվել է, թե ով է կնոջը ֆիզիկական ցավ պատճառել։
Նույն օրը, ժամը 19.30-ին, նրանցից երկուսը ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին և դեպքի վերաբերյալ տվել բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր:
Դեպքի հետ կապված Սիրանուշ Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բաղրամյան ԱԺ-ի դիմացով անցնում էի ընկերուհուս հետ, Կամքից երեք հոգի ստամբուլյանի դեմ ստորագրահավաք էին անում, ասացին՝ կստորագրեք, չհամաձայնվեցինք, մեկը պատասխանեց՝ ***** ստորագրեք։ Ֆռացի, պատասխանեցի, հայրիկիս հայհոյեցին, հետ հայհոյեցին, Կամքից երեք տղամարդ հարձակվեցին ինձ վրա, մենակ մեկը հասցրեց խփի ազդրիս, ես պաշտպանական պատասխան երեքին էլ մեկական խփել եմ։ Հիմա ոստիկանության բաժանմունքում եմ։ Էս ա իրանց ավանդական արժեքները»։