Մեքենայից գողացված նոր կոշիկները երկու կանայք հետ են վերադարձել խանութին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  ավտոմեքենայից գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը։

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 19.08.2019 թվականի ժամը 21:00-ից մինչև 20.08.2019 թվականի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, կոտրել է Երևան քաղաքի Չարենցի փողոցում կայանված իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ապակին և մեքենայի սրահից հափշտակել է նոր գնված կոշիկները, ավտոմեքենայի գազաբալոնը`պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են կոշիկի խանութում առկա տեսանկարահանող սարքի  տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես են իգական սեռի երկու ներկայացուցիչներ ետ վերադարձնում առերևույթ գողացված կոշիկները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել