Հակածխախոտային օրինագիծը, որի կիրառման արդյունքում ապագայում հազարավոր կյանքեր են փրկվելու, Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցումով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կողմ քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Չեմ կարող չանդրադառնալ դեմ քվեարկած պատգամավորներին։
Հետաքրքիր է ինչպես կնայեին նրանք այն հազարավոր քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են թոքերի, կոկորդի կամ լեզվի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ գլխուղեղի ինսուլտից։ Թե՞ ավելի հեշտ է այդ թվերով մանիպուլացնելը, քան կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելը։
Մեր քաղաքացիների, այդ թվում մեր երեխաների և հղի կանանց առողջությանը միտված նման օրինագծին դեմ քվեարկելու գործընթացը պատկերացնելիս աչքիս առաջ է հայտնվում ամերիկյան ռանչոների հայտնի ձիավորը իր հանրահայտ գլխարկով, որը տարիներ ի վեր հաջողություն էր խոստանում երիտասարդներին, սակայն հիասթափեցնելով նրանց՝ միայն մահ էր բերում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց նախագիծը 87 կողմ, 15 դեմ ձայներով։