Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է, որ օրենսգրքում սահմանվի հետևյալը.
1) ռեպո պայմանագրի հասկացությունը:
2) Նշել, որ ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ եւ նախատեսել դրանց հասկացությունը: Ռեպո գործարքի ընթացքում կախված վաճառված արժեթղթի տատանումից գործարքի կողմերից մեկը հավելյալ ռիսկ է ստանձնում եւ հավելյալ ռիսկ ստանձնած կողմը իրավունք է ձեռք բերում դիմացի կողմից պահանջելու լրացուցիչ ապահովման միջոց՝ որպես սեփականություն փոխանցվող արժեթղթերի, ֆինանսական այլ գործիքների կամ դրամական միջոցների տեսքով:
3) Ռեպո գործարքով կարող է նախատեսվել, որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները (տոկոսային վճար, շահաբաժին եւ նմանատիպ այլ եկամուտներ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին: Քանի որ ռեպո գործարքներում արժեթղթերը տրամադրվում են ժամանակավորապես (հետո հետգնում է տեղի ունենում), տրամաբանական է, որ թողարկողի կողմից արժեթղթի հետ կապված վճարումները անցնեն ոչ թե գնորդին, այլ՝ վաճառողին: Այդ իսկ պատճառով պայմանագրում հաճախ նշում են, որ արժեթղթի դիմաց թողարկողի վճարած եկամուտները Գնորդը պարտավոր է անմիջապես փոխանցել վաճառողին: ՀՀ օրենսդրության ներքո պարզ չէ նման փոխանցման բնույթը, այն կարող է դիտվել որպես անհատույց գործարք եւ ընկնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածով նախատեսված արգելքի տակ, համաձայն որի՝ առեւտրային կազմակերպությունների միջեւ հարաբերություններում նվիրատվությունը արգելվում է: Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ այդ փոխանցումները նվիրատվություն չեն համարվում:
Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ Ռեպո գործարքները աշխարհում ընդունված ֆինանսական գործարքներ եւ ֆինանսավորում ներգրավելու միջոցներ են: Ռեպոն իրենից ներկայացնում է արժեթղթերի առուվաճառքի գործարք, որը ներառում է հետեւյալ 2 փուլերը.
- գործարքով սահմանված օրը վաճառողը գործարքով սահմանված գնով գնորդին է վաճառում արժեթղթեր;
- գործարքով սահմանված օրը վաճառողը գնորդից գործարքով սահմանված գնով հետ է գնում վաճառված արժեթղթերը (կամ համարժեք արժեթղթեր):
Ռեպո գործարքները հիմնականում օգտագործվում են պարտքով լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու, պարտքով գումար տրամադրելու միջոցով եկամուտ ստանալու, իրացվելիության կառավարելու նպատակով: Դրանք հիմնականում կնքվում են ֆինանսական կազմակերպությունների միջեւ եւ բարձր իրացվելիություն ունեցող արժեթղթերով:
Քանի որ ռեպո գործարքները լայն տարածում ունեն միջազգային ֆինանսական շուկաներում, մասնավոր հատվածը եւ պետությունները ձգտում են ստանդարտացնել գործարքների նկատմամբ կիրառելի պայմանագրերը եւ օրենսդրությունները:
«Պայմանագրերի ստանդարտացման նպատակով բավականին լայն աշխատանք է տարվել: Արդեն իսկ տարիներ գործում է միջազգայնորեն ընդունված պայմանագրի ստանդարտ օրինակելի ձեւ՝ GMRA (Global master repurchase agreement – Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագիր): Այն մշակվել է ICMA (Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիա) միջազգային ասոցիացիայի կողմից:
Երկրների մեծամասնությունը ռեպո գործարքները կարգավորում են օրենսդրական մակարդակով, որպեսզի գործարքների նկատմամբ կիրառելի իրավական դաշտը հստակ լինի: Պետությունները աշխատում են օրենսդրությունը նախատեսել այնպես, որ միջազգայնորեն ընդունված GMRA պայմանագիրը կիրառելի լինի իրենց մոտ: Այս առումով երկրներն ապահովում են որոշակիություն եւ գրավչություն՝ ֆինանսական շուկաներում օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների համար:
Օրինակ՝ ԵՄ մակարդակով՝ 2002թ. ընդունվեց ֆինանսական ապահովման միջոց հանդիսացող գործարքների մասին ԵՄ դիրեկտիվը (EU directive on financial collateral arrangements): Ի թիվս այլ հարցերի այն անդրադառնում էր նաեւ սեփականության իրավունքի փոխանցմամբ պարտավորության ապահովման միջոցներին (title transfer collateral): Մասնավորապես, դիրեկտիվում սահմանված է, որ անդամ երկրները պետք է ապահովեն, որ սեփականության իրավունքի փոխանցմամբ ապահովության պայմանագրերը ունենան իրավական ուժ՝ իրենց պայմաններին համապատասխան:
Դիրեկտիվը տարածվում է որպես ապահովման միջոց տրամադրվող հետեւյալ ակտիվների վրա.
- Դրամական միջոցներ (ոչ կանխիկ)
- Ֆինանսական գործիքներ (ներառում է բաժնային արժեթղթեր, պարտատոմսեր, կապիտալի շուկայում բանակցման ենթակա այլ պարտքային գործիքներ, արժեթղթեր, որոնք հավաստում են թվարկած արժեթղթերը ձեռք բերելու, փոխանակելու կամ հաշվանց իրականացնելու հնարավորություն, ներդրումային ֆոնդերի փայեր, դրամական շուկայի գործիքները, ինչպես նաեւ թվարկվածների նկատմամբ պահանջները եւ իրավունքները)
- Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի (փոխառությունների) նկատմամբ պահանջի իրավունք
ICMA-ն իր կայքում հրապարակում է տարբեր պետություններում GMRA պայմանագրի կիրառելիության վերաբերյալ իրավական կարծիք: Նպատակը՝ հաստատումն է, որ տվյալ պետությունում օրենսդրությունը թույլատրում է ֆինանսական կազմակերպությունների հետ GMRA պայմանագրով ռեպո գործարք կնքել:
ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է աշխատանքներ տանել, որ Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիա (ICMA) կայքում տեղադրվի իրավական եզրակացություն ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ:
Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի կայքում ՀՀ-ում այդ պայմանագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրումը (ապացույցը որ GMRA-ը ՀՀ-ում «աշխատում է») մեծ գովազդ կլինի ՀՀ-ի համար եւ այդպիսով կնպաստի օտարերկրյա ներդրողների՝ ՀՀ ռեպոյի շուկա մուտք գործելուն:
Բացի այդ՝ եթե ICMA անդամ կազմակերպությունները ցանկանան ՀՀ բանկերի հետ ռեպո կնքել, նրանք ստիպված չեն լինի ՀՀ-ում GMRA-ի կիրառելիության վերաբերյալ առանձին իրավական եզրակացություն հայցելու համար լրացուցիչ ծախս կրել:
ICMA-ի կայքում տեղադրված եզրակացություններին հասանելիություն ունի շուրջ 500 ֆինանսական կազմակերպություն (այդ թվում՝ աշխարհահռչակ ֆինանսական կազմակերպությունների մեծ մասը):
GMRA-ի կիրառելիության վերաբերյալ որոշակիություն ապահովելու նպատակով եւ ICMA-ի կայքում իրավական եզրակացություն տեղադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կարգավորել ռեպո գործարքները եւ դրանց հետ կապված որոշ մանրամասներ»,-նշված է կառավարության հիմնավորման մեջ: