Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հանրապետությունում գործող գազալցակայաններում տեղադրված սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակը։ Այս նպատակով ստուգայցերը կրում են պարբերական բնույթ։ Տարվա կտրվածով այս ուղղությամբ հարուցված վարչական վարույթների թիվն արդեն գերազանցում է 300-ը։
Հերթական դիտարկման ընթացքում հանրապետական նշանակության ճանապարհի Երեւան-Գյումրի հատվածում գործող գազալցակայաններից մեկի սանհանգույցում արձանագրվել են սանիտարական նորմերի խախտումներ։
Այս տնտեսվարողի հանդեպ այս տարվա նոյեմբերին կայացվել է վարչական վարույթի կարճման որոշում՝ խախտման բացակայության հիմքով։
Սակայն, քանի որ վերջին դիտարկումը, այնուամենայնիվ, բացահայտել է խնդիրներ, ծառայողական քննություն կիրականացվի ԱԱՏՄ այն աշխատակիցների հանդեպ, որոնք ներգրավված են եղել վարույթի կարճման գործընթացին նախորդած զննմանը եւ արձանագրություն են կազմել տվյալ սանհանգույցում խախտումների բացակայության վերաբերյալ։