Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից:

Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. համայնքային սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքում գտնվող՝ ընդհանուր 2611.2 քմ մակերեսով բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների անունից, իբրև նշված շենքը վերանորոգելու բանավոր խնդրանքի պատրվակով, հայտարարել է այն շուկայականից անհամեմատ ցածր՝ տարեկան 1.317.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով 40 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու աճուրդ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, ի սկզբանե տեղյակ լինելով համայնքում գործող ՍՊ ընկերության կողմից նշված շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող հիշատակված շինության կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին, հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ արձանագրություն, որի հիման վրա էլ Դիլիջան քաղաքում գտնվող հիշյալ շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամ գումարով և 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնվել է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի դստեր անվամբ աճուրդից շուրջ 30 օր առաջ հիմնադրած վերոհիշյալ ՍՊ ընկերությանը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում, օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը կազմակերպելու պարտականություններով, 2006 թվականի հունիսից մինչև պայմանագրի լուծարումը՝ 2018 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես՝ նշված ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված վարձակալության պայմանագիրը:

Այսինքն՝ Դիլիջան քաղաքում գտնվող նշված շինության վարձակալության՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնի սահմանմամբ  մրցույթի անցկացման նպատակը հանդիսացել է շինության կապիտալ վերանորոգումը, մինչդեռ շուրջ 12 տարի այն չի ենթարկվել կապիտալ վերանորոգման, ծառայեցվել է անձնական շահերին, համայնքի բյուջեն տարիներ շարունակ զրկվել է դրամական մուտքերից: Արդյունքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 90.117.812 ՀՀ դրամ գումարից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 14.190.800 ՀՀ դրամ, որի հետևանքով Դիլիջան համայնքին պատճառվել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել