Արտերկիր ուսման, ծառայության մեկնող զինծառայողների և նրա ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության ծախսերը նախատաեսվում է փոխատուցել պետբյուջեի հաշվին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկակացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը։

Որոշման նախագծի համաձայն սահմանվում է, որ օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղումների ժամանակ հրավիրող կողմի միջոցների հաշվին իրականացվում է միայն գործուղված զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, ընդ որում, ոչ բոլոր դեպքերում (հիմնականում՝ միայն շտապ բժշկական օգնության անհետաձգելի դեպքերում), իսկ զինծառայողի հետ օտարերկրյա պետություն մեկնած նրա ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման կարիք առաջանալու դեպքում ծախսերը կատարվում են զինծառայողի կողմից, ինչը բացասաբար է անդրադառնում զինծառայողի սոցիալական վիճակի, ինչպես նաև ազդում ուսման կամ ծառայության իրականացման որակի վրա: Խնդիրը հիմնականում ծագում է 6 ամսից ավելի ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների մոտ, քանի որ հիմնականում նշված զինծառայողներն են օտարերկրյա պետություններ իրենց հետ տանում ընտանիքի անդամներին:

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման 4-րդ և 5-րդ հավելվածների համաձայն սահմանվել է օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների, ինչպես նաև զինծառայողի հետ օտարերկրյա պետություն մեկնող նրա ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, գործընթացի շրջանակներում հրատապ անհրաժեշտություն է ծագել կարգավորել նաև օտարերկրյա պետություններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման խնդիրը, որը նախատեսվում է իրականացնել գնումների գործընթացների շրջանակներում՝ համապատասխան երկրներում առողջության ապահովագրական ծառայություն մատուցող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել