Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ցավոք սրտի ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:
Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական միկրովիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:
Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:
Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին:
Վստահ եմ` Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների:
Հ.Գ. Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է»,-նշված է հրապարակման մեջ: