Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում այսուհետ պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում հստակ կնշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:
Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կկրի սուբսիդիար պատասխանատվություն:
Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կկրի համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով և միաժամանակ առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`
1) երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը.
2) երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից.
3) երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն: Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.
4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր և երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը:
Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորը պարտատիրոջ առջև կկրի սուբսիդիար պատասխանատվություն, եթե իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:
Երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ երաշխավորություն ստանձնելիս պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում պարտատերն իրավունք կունենա ամբողջ ծավալով կամ մասամբ իր պահանջը ներկայացնել ինչպես պատասխանատվություն կրող բոլոր երաշխավորներին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին իր նախընտրած հերթականությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համատեղ երաշխավորներից մեկը պարտապանի առջև կրում է համապարտ, իսկ մյուսը` սուբսիդիար պատասխանատվություն: Այդ դեպքում պարտատերը պարտավոր կլինի առաջին հերթին պահանջ ներկայացնել պարտապանի առջև համապարտ, իսկ հետո` սուբսիդիար պատասխանատավություն կրող երաշխավորներին:
Երաշխավորի կամ պարտապանի մահվան դեպքում երաշխավորության պայմանագիրը կդադարի, բացառությամբ նախատեսված դեպքերի, եթե երաշխավորը հանդիսանում է պարտապանի ծնողը, զավակը, ամուսինը, բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի ծնող, զավակ կամ ամուսին հանդիսացող երաշխավորին իրավահաջորդության կարգով անցնում է պարտապանի` երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը