«Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները փրկել են հղի կնոջ կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները փրկել են լուրջ խնդիրներով հղիի կյանքը: Հոկտեմբերի 25-ին այլ բժշկական հաստատությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն ուղեգրվեց 38 շաբաթական հղի՝ սրտի հետազոտման նպատակով։

Ինչպես ներկայացված է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում, հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լաուրա Սարգսյանը, այնուհետեւ իրականացվեցին սրտի համապարփակ և այլ օրգանների բազմակողմանի հետազոտություններ՝ էխո-սրտագրություն, հոլտեր հետազոտություն, ընդհանուր օրգանների սոնոգրաֆիա, լաբորատոր մի շարք հետազոտություններ: Արդյունքում ախտորոշվեց պերիպարտում կարդիոմիոպատիա, սրտի բնածին արատ, միջնախասրտային միջնապատի դեֆեկտ, պոլիմորֆ փորոքային էքստրասիստոլա, հակում դեպի սինուսային տախիկարդիա, միտրալ փականի անբավարարություն՝ 2-3 աստիճանի, եռփեղկ անբավարարություն՝ 2-3 աստիճանի, ընդհանուր կծկողականության անկում, արտամղման ֆրակցիա՝ 25 տոկոս, սրտի ձախ բաժինների հիպերտրոֆիա։

Ակնհայտ էր, որ հղիի կյանքին վտանգ էր սպառնում և ամեն րոպեն ու կայացրած որոշումը կարող էր ճակատագրական լինել: Հղիի առողջական ծանր վիճակի և հետագա հնարավոր վտանգների մասին տեղեկացվեցին հղիի հարազատները: Նրանք պնդեցին, որ հղին մնա «Էրեբունի» ԲԿ-ում և հետագա բուժումը շարունակի այստեղ: Հղիի հսկողությունը իրականացվեց բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական ղեկավարությամբ: Կազմակերպվեց կոնսիլիում: Ծննդատան մանկաբարձ-գինոկոլոգների, սրտաբանների, անեսթեզիոլոգ-ռենիմատալոգների մասնագիտական քննարկման արդյուքնում որոշվեց անմիջապես կատարել ծննդալուծում: Կեսարյան հատումն իրականացրեց «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը՝ մանկաբարձ-գիտեկոլոգ Լաուրա Սարգսյանի հետ: Անզգայացումը ընդհանուր էնդոտրախիալ եղանակով կատարեցին ծննդատան անեսթեզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանը և «Էրեբունի» ԲԿ անզգայացման բաժանմունքի ղեկավար Լևոն Գաբրիելյանը:

Վիրահատությունն անցավ հարթ, առանց հեմոդինամիկ շեղումների, ավարտից հետո հիվանդը անմիջապես էքսուբացվեց և տեղափոխվեց ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ծնվեց 2540 գրամ քաշով, 45 սմ հասակով տղա։ Երեխան տեղափոխվեց է նորածնային բաժանմունք, որտեղ էլ իրականացվեց խնամքը՝ բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանի գլխավորությամբ: Նախավիրահատական եւ հետվիրահատական ամբողջ ընթացքը վարեցին սրտաբանները՝ «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյանի, թերապիայի գծով փոխտնօրեն Հասմիկ Սաիյանի և առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար Միհրան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: 36-ամյա կինը բոլորը վտանգները հաղթահարած իր երեխայի հետ վաղուց դուրս է գրվել ծննդատնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել