Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 26-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին էր ներկայացնում դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի միջնորդությունը, որի ժամանակ նշեց, որ գործով մեղադրող դատախազ ներգրավված Բիշարյանը չպետք է մասնակցի նիստերին։ Ինչի ժամանակ դատախազը հայտնեց, որ առարկում է կողմի գործողությունները։
Միհրան Պողոսյանը բարձր տոնով դատախազին ասաց․ «Ես ձեզ չեմ ընդհանտում, երբ դուք խոսում եք։ Դու ինձ մի ասա ես ինչ անեմ է․․․ Տեղդ նստի»։ Ի պատասխան դատախազը բղավեց․ «Դու չպիտի ասես ես ինչ անեմ։ Կկտրեմ ձենդ, չես իմանա․․․»։
Կողմերն իրար «արա»-յով էին դիմում։
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պարբերաբար կարգի էր հրավիրում կողմերին, որը սակայն մնում էր անպատասխան։ Դատավորը դուրս եկավ դահլիճից։
Նիստն ընդմիջվեց։
Հավելենք, որ ըստ Միհրան Պողոսյանի դեռևս 2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քննարկումների ժամանակ դատախազ Բիշարյանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, նշելով, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան ու որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա։
Խուդոյանի խոսքով, քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում սկսվել են գործընթացներ, որի պարագայում գլխավոր դատախազն ու Կ. Բիշարյանն արդեն տեսել են հիմքեր, մինչդեռ փաստերը և նույն 0038 հրամանագիրը հայտնի են եղել։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև նրան, որ Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և չի կարող սույն գործով մասնակցել որպես մեղադրող։
Մինչ այդ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Մարտի 1-ի գործով մեղադրանքի եզրակացությունը ստորագրած և վերահսկողությունն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Բիշարյանին ներկայացված միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Ռուբեն Սահակյանը։ Միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, որի ելույթի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր վրդովմունքն է հայտնել, ինչն էլ առաջացրել է փաստաբան Պողոսյանի դժգոհությունը։