Կվերականգնվի Վերգինե և Բավական Ոսկանյանների նպաստառության իրավունքը․ Լոռու մարզպետարան

Վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյաններ տարեց քույրերի սոցիալական նպաստի իրավունքից զրկված լինելու խնդիրը հանրային մեծ հնչեղություն ստացավ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը և վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը եղան քույրերի բնակարանում: Նախապես ուսումնասիրելով դեպքի հանգամանքները՝ մարզպետարանի պաշտոնյաները այցի ընթացքում տարեց քույրերին բացատրեցին նպաստի վերականգնման ընթացակարգը:

Նշվեց, որ քույրերից Բավական Ոսկանյանը, ով հաշվառված է Բուլղարական տնակային 1-ին ավանի 35 տնակում, պետք է հաշվառվի փաստացի բնակության վայրում, այն է՝ քրոջ՝ Վերգինե Ոսկանյանի տանը՝ Թումանյան 11/1 հասցեում: Փարատվեց նաև Բավական տատիկի այն մտահոգությունը, որ նա այդպես կարող է զրկվել տնակի նկատմամբ սեփականության իրավունքից: Անհրաժեշտություն է առաջացել նաև վերականգնելու նրա անձնագիրը նպաստառության համակարգում ընդգրկվելու համար: Քույրերին աջակցություն կցուցաբերվի անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հարցում՝ հնարավորինս շուտ նրանց նպաստառության իրավունքը վերականգնելու համար: Մարզի ղեկավարի կողմից քույրերին նաև դրամական աջակցություն ցուցաբերվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել