ՀՔԾ-ն խնդրում է «Ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» տեսանյութում բռնության ենթարկված անձին դիմել ՀՔԾ

2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

Հաշվի առնելով վերոգրյալը` դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374)11 900 019 հեռախոսահամարով:

Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարող է ապահովել քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնած անձի գաղտնիությունը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել