«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում Արարատ Միրզոյանից

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝ արտահոսքի համար:

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.

«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի եւ նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երեւանում գործում է 2006 թվականից եւ վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարեւորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:

Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները եւ կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչպես է իր ծննդյան օրը խաշկերույթ կազմակերպել եւ 290 հազար դրամի հաշիվ փակել։ Մինչ այդ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում ԱԺ նախագահի ծննդյան օրվա խնջույքի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել