Հայկ Մարությանը՝ հանրային տրանսպորտին զիջելու խնդրի մասին

Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորը սպասարկող միկրոավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ անելիքներ կան նաև երթևեկության մասնակիցների կողմից հանրային տրանսպորտի ընկալման հետ կապված:

«Հանրային տրանսպորտը առաջնայնություն ունեցող տրանսպորտային միջոց է, իսկ մեզ մոտ հիմա հակառակն է: Մեկ հոգի նստած է ղեկին, և ինքը երբեք չի տալիս ճանապարհ ավտոբուսին կամ տրոլեյբուսին, որը տեղափոխում է 35-40 ուղևոր: Այս մտածելակերպը պետք է փոխվի»,– նշել է քաղաքապետը:

  • Ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով երթևեկելն է: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների հետ՝ շարժակազմի անվադողերը օր առաջ ձմեռայիններով փոխարինելու ուղղությամբ:

 

  • Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջրցան բոլոր մեքենաները կահավորվել և վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման: Պահեստավորվել է 1300 տոննա աղ և 3000 տոննա ավազ: Շարունակվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ռեսուրսների համալրումը:

 

  • Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 1144 գնման ընթացակարգ: Զեկուցվել է, որ ամփոփվել են 1112 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 17 մլրդ 537 մլն դրամի պայմանագրեր. տնտեսումները կազմել են 3 մլրդ 944 մլն դրամ:

 

  • «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 62 շուն:

 

  • «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Դավթաշեն վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 1 մլն 100 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 13 մլն 200 հազար դրամ: Երևանի 7 վարչական շրջաններում կատարված գույքագրման արդյունքում ընդհանուր առմամբ ընկերության մուտքերն ավելացել են 117 մլն դրամով:

 

  • Երևանում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Այս պահին տոնականորեն լուսավորվում են մայրաքաղաքի փողոցները:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել