Ընտանեկան օրենսքրքի 78-րդ հոդվածը սահմանում է ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուց ալիմենտ ստանալու իրավունքը։
Նախկին ամուսնուց, որը նյութական բավարար միջոցներ ունի, դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝
ա) նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը.
բ) անապահով նախկին ամուսինը, որը խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ զավակին.
գ) անաշխատունակ անապահով նախկին ամուսինը, որը հաշմանդամ է դարձել մինչև ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո` մեկ տարվա ընթացքում.
դ) անապահով ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում, եթե ամուսինները տասնհինգ և ավելի տարի գտնվել են ամուսնության մեջ։
Ալիմենտի չափը և ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն դա տրամադրելու կարգը կարող է որոշվել նախկին ամուսինների համաձայնությամբ։
Օրենսգրքի 79-րդ հոդվածը սահմանում է, որ ամուսինների (նախկին ամուսինների) միջև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ամուսնուց (նախկին ամուսնուց) դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ամուսինների (նախկին ամուսինների) գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
80-րդ հոդվածի համաձայն դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ անապահով ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամանակով ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, եթե օգնության կարիք ունեցող ամուսնու անաշխատունակությունը վրա է հասել՝
ա) ոգելից խմիչքի, թմրամիջոցի և (կամ) թունամիջոցի չարաշահման կամ նրա կողմից դիտավորյալ հանցագործություն կատարելու հետևանքով.
բ) ամուսինների՝ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվելու` մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում.
գ) ալիմենտի վճարում պահանջող ամուսնու՝ ընտանիքում հակաբարոյական վարքագիծ (ամուսնական դավաճանություն, մոլախաղերով զբաղվել և այլն) ցուցաբերելու հետևանքով: