Ապօրինի կերպով հրազեն կրելը, պահելը, փոխադրելը պատժվում է ազատազրկմամբ

Քրեական օրենսգիրքի 235-րդ հոդվածը սահմանում է, ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝ պատժվում է տուգանքով՝ 300 հազարից մինչև 600 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

236-րդ հոդվածը սահմանում է, որ ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել