Քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է, որ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝ պատժվում է տուգանքով՝ 50 հազարից մինչև 100 հազար դրամի չափով:
Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝ պատժվում է տուգանքով՝ 100 հազարից մինչև 150 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ 150 հազարից մինչև 200 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալն այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ 50 հազարից մինչև 100 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: