Դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարումը կարող է երկարաձգվել 2 տարուց ոչ ավել ժամկետով

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ դիվանագիտական ներկայացուցիչները կնշանակվեն չորս տարի ժամկետով, որը անհրաժեշտության դեպքում  օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել 2 տարուց ոչ ավել ժամկետով: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի արտաքին գործերի նախարարության համակարգում, որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում:

Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն երկու տարուց ոչ ավելի ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Դիվանագիտական ծառայության մեջ լինում են դեպքեր, երբ, ի նկատի ունենալով տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի աշխատանքի արդյունավետությունը, անհրաժեշտություն է առաջանում երկարաձգել վերջինիս պաշտոնավարման ժամկետը: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ դիվանագետները, պաշտոնավարման ավարտից հետո անմիջապես նշանակում չեն ստանում, այլ 2-3 տարի աշխատում են արտաքին գործերի նախարարության համակարգում: Նման պրակտիկան հնարավորություն է տալիս, որպեսզի և աշխատակազմի, և դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմը պարբերաբար թարմացվի եւ նույն մարդիկ անընդհատ նշանակումներ չստանան տարբեր երկրներում: ՀՀ Դիվանագիտական ծառայության մասին օրենքում այս հարցը կարգավորված չէ, և համոզված ենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կնպաստի առկա խնդրի կարգավորմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել