Կառավարության որոշմամբ բավարարվել է «Նյուպլաստ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար (ք. Երևան)։
Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 65 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63.7 մլն դրամ: Տիգրան Ավինյանն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել, որ այն միտված է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը: «Գյուղատնտեսական մեր ծրագրերը միտված են Հայաստանի Հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացմանը: Նմանատիպ համակարգերի արտադրությունը կնպաստի այդ ոլորտում ավելի դրական արդյունք արձանագրելուն»,- նշել է փոխվարչապետը:
Գործադիրի որոշմամբ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Թրեյդ էքսպորտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը գործունեություն է ծավալելու Երևանում՝ էլեկտրոնային հաշվիչների արտադրության ոլորտում՝ իրականացնելով 500 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ` 153,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի մոտ 16.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ: