Կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 21-ին, որոշում ընդունեց 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը լուծելու վերաբերյալ։
Նախագծում նշված է, որ կառավարությունը 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատել է Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիր: Ծրագրի իրականացման նպատակով սկսած 2005 թվականից ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են համապատասխան գումարներ, որոնցով 1065 ընտանիքներ ստացել են բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 718-ը իրացրել են դրանք` ձեռք բերելով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում: 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել:
Ըստ 2013թ. իրականացված հաշվառման տվյալների վերոգրյալ առաջնահերթ ծրագրի շրջանակներում 895 ընտանիքներ, որոնցից 641-ը Երևան քաղաքում և 254-ը մարզերում համարվում են առաջնահերթ կարիքավորներ: Ծրագրի շահառուների թիվը ճշգրտելու նպատակով ծառայությունը այս տարի նախաձեռնել է ուսումնասիրություններ:
«Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:
Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:
Մասնավորապես, առաջին փուլում մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների «Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան» ընդգրկումը պայմանավորված է վերջիններիս անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Միաժամանակ, 2009 թվականից մինչև այսօր պետական բյուջեից Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման նպատակով տարեկան ֆինանսական միջոցներ են հատկացվում «Նաիրի» հյուրանոցին՝ ներկայումս դրամաշնորհի տեսքով»,-նշված է հիմնավորման մեջ: