Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջարկելով ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը:
Խմբակցության հիմնավորման մեջ նշվում է, որ այս պահին ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը։ Սրա հետևանքով՝ ՀՀ քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում։ Բացի դրանից, կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը։
«Երեխայի սեռի վերաբերյալ նշում պարունակում են գերմանական և ֆրանսիական ծննդյան վկայականները, այդ նշումը կատարվում է նաև ԱՄՆ շատ նահանգներում, բազմաթիվ այլ երկրներում։ Որոշ լեզուներով ծննդյան վկայականում սեռի մասին նշում չկատարելը հիմնականում խնդիր չի հարուցում, քանի որ տվյալ լեզվին համապատասխան փոփոխվում են նաև իգական և արական ազգանունները (օրինակ, ռուս.՝ Соколов և Соколова), երբեմն նաև անունը (օրինակ, ֆրանս.՝ Michel և Michelle/Michèle)։ Ուստի առաջարկվում է այս հարցի ամենապարզ լուծումը՝ ծննդյան վկայականներում նախատեսել հատուկ դաշտ և լրացնել համապատասխան տեղեկատվությունը՝ երեխայի սեռի վերաբերյալ»,-նշվում է հիմնավորման մեջ։