Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից:

Այս մասին տեղեկացնում են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը:

Ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և փոխտնօրենի հետ, ինչպես նաև հետադարձ կապ են հաստատել հացադուլ հայտարարած անձանց հետ:

Հոգեբուժարանի տնօրինության պարզաբանման համաձայն՝ հանձնուքների արգելման նպատակը վերջերս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում տարածված աղիքային վարակի կանխարգելումն է: Այն կրում է ժամանակավոր բնույթ և վերաբերում է բացառապես տնային պայմաններում եփված սննդին (բանջարեղեն, միրգ, հաց, քացրավենիք և այլ հում սննդի հանձնումն արգելված չէ):

Հացադուլ հայատարած անձինք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց տրամադրվել են բավարար պարզաբանումներ հանձնուքների ժամանակավոր սահմանափակման հարցի վերաբերյալ, և իրենք դադարեցրել են հացադուլը:

Հոգեբուժարանում գտնվող անձանց հոգեկան առողջության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը շարունակվում են մնալ Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել