Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:

Այս մասին տեղեկացնում են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,
  • պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ
    են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ,
  • պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից պատով առանձնացված չեն,
  • տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում
    բացակայում են հարմարեցվածությունները,
  • չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական
    չափանիշները,
  • առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ առկա են բժշկական գաղտնիքի
    պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը և այլն),
  • անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման
    մեխանիզմները,
  • բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր
    միջոցառումները
  • քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:

Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների  բարելավման արևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել