Խնամակալը կամ հոգաբարձուն իր պարտականությունները անպատշաճ կատարելու դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 38-րդ հոդվածը սահմանում է Խնամակալների և հոգաբարձուների պարտականությունները.

Խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա:

Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին:

Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են հոգալ իրենց խնամարկյալների ապրուստը, ապահովել նրանց խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:

Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին ճանաչվել էր անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ապա խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է միջնորդել դատարան` խնամարկյալին գործունակ ճանաչելու և նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը կամ հոգաբարձությունը վերացնելու համար:

Իսկ օրենսգրքի 41-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում է հնարավոր խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատել.

Խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին ազատում է իր պարտականությունների կատարումից` անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում:

Խնամարկյալին համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատությունում տեղավորելիս` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտականությունների կատարումից ազատում է նախկինում նշանակված խնամակալին կամ հոգաբարձուին, եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին:

Հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն իր խնդրանքով կարող է ազատվել պարտականությունների կատարումից:

Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականությունները անպատշաճ կատարելու` ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում, խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է խնամակալին կամ հոգաբարձուին ազատել այդ պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել