Ուսանողները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահին, նախագահ Արմեն Սարգսյանին

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահին, նախագահ Արմեն Սարգսյանին․ «Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, ավելին՝ առաջացրեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում: Դա արտահայտվեց բազմաթիվ հրապարակումներով, մամլո ասուլիսներով, տարբեր լրատվամիջոցներով բարձրաձայնված քննարկումներով: Զարմանքով արձանագրում ենք, որ օրենքի նախագծի խոցելիության բազմաթիվ մատնանշումներից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարը, բոլոր իրավասու և շահագրգիռ կողմերի քննարկումներ հրավիրելու փոխարեն, հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, ըստ որի՝ չի պատրաստվում որևէ զիջման գնալ սկզբունքային հարցերում:

Նախագիծն ունի բազմաթիվ անընդունելի և վտանգավոր դրույթներ, որոնցից հատկապես մի քանիսին ցանկանում ենք հրավիրել ձեր ուշադրությունը.

ա) Օրենքի նախագծի անվանումն իսկ անընդունելի է, քանի որ չի կարելի մեկ օրենքում համատեղել մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող երկու այնպիսի ոլորտ, ինչպիսիք են բարձրագույն կրթությունն ու գիտությունը:

բ) Ներկայացված նախագիծը, հիմնականում կարևորելով բարձրագույն կրթության խնդիրները (որոնք որոշ դեպքերում հակասում են արդեն գործող օրենքների դրույթներին), անտեսում է գիտությունը, սահմանափակ տեղ հատկացնելով գիտական գործունեության կազմակերպման ու կանոնակարգման հարցերին: Հատկանշական է, որ 42 էջից բաղկացած օրենքի նախագծում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերում է կես էջից էլ պակաս՝ ընդամենը 11 տող: Ոչնչով հիմնավորված չէ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին 2011 թ. ընդունված օրենքի չեղարկումը:

գ) Որևէ կերպ արդարացված չեն դոկտորական ատենախությունների պաշտպանության վերացման և թեկնածուի գիտական աստիճանը դոկտորականին հավասարեցնելու դրույթները: Դրանով և´ սահմանափակվում է գիտական արդյունավետությունը, և´ խախտվում է Եվրասիական միության անդամ երկրներում գործող միասնական գիտական համակարգը: Հավելենք, որ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը գործում է նաև Եվրոպայի մի շարք առաջատար երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա և այլն): 

դ) «Բարձրագույն կրթության մասին» գործող՝ 2004 թ. դեկտեմբերի 14-ի օրենքում առկա է հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր դասավանդման դրույթը: Ներկայացված նախագծում կարևորագույն այս դրույթը լիովին բացակայում է: Մինչդեռ, առավել քան համոզված ենք,  որ ազգային պետության կերտման արդի փուլում,  երբ առաջնահերթ տեղ պետք է հատկացվի աճող սերնդին ազգային արժեհամակարգով դաստիարակելուն,  մայրենի լեզվի ու գրականության,  հայրենիքի պատմության ուսումնասիրությունը պետք է պատշաճ տեղ գտնի մեր կրթահամակարգի բոլոր մակարդակներում: Բուհերում հայագիտական առարկաների ուսուցումն ազգային անվտանգության խնդիր է, նաև անհրաժեշտ է՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման ժամանակակից միտումները, դրանցում էթնիկության, ազգային ինքնության ու ինքնագիտակցության վերաբերյալ խնդիրների կարևորումը:

ե) ԿԳՄՍ նախարարը և նախագիծը ներկայացնողները մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատմության պարտադիր դասավանդումը համարում են բուհական ինքնավարության խախտում, մինչդեռ, չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ ինքնավարության մասին բուհերի կառավարման մասին նախագծի հոդվածներում: Օրինակ, նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից (այսօր գործող օրենքով դեկաններն ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդներում): 

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջում ենք.

  1. նշված օրենքի նախագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը,
  2. մինչև նոր նախագծի մշակումը գիտակրթական շրջանակների հետ քննարկել ու հստակեցնել բարձրագույն կրթության և գիտության զարգացման տեսլականը, հայեցակարգային մոտեցումները, որոնցից և պետք է բխեն օրենսդրական կարգավորումները»,-նշված է բաց նամակում: 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել