Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը և Գեղամ Սարմազյանը այլ պաշտոններ են զբաղեցրել․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 13-ի «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել,  որ լրատվամիջոցը պարբերաբար շրջանառում է թերի և ոչ հավաստի տեղեկատվություն: 

«Թերթի «տեղեկություններով»՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում: Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ: Հետևաբար, թերթի կողմից Սարմազյանի պաշտոնավարումը ենթադրյալ  բարեկամական կապերով պայմանավորելը` պարզապես անհեթեթ է: 

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն  ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից: 

Հորդորում ենք լրատվամիջոցին՝ զերծ մնալ մոտավոր և հեքիաթասացության ժանրին բնորոշ տեղեկատվության տարածումից, զբաղվել պրոֆեսիոնալ լրագրությամբ, որի պարտադիր բաղադրիչներից է ճշգրիտ տեղեկատվության մատուցումը»,-նշված է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել