Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ․ Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծի շուրջ աղմուկին։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը առաջարկում էր նույնասեռական և սեռափոխված անձանց արգելել երեխա որդեգրել։

Կառավարություն դեմ է եղել նախաձեռնությանը։ Պատգամավորը առաջարկում էր նախագիծը ներառել  քառօրյա նիստերի օրակարգ։ Քվեարկությամբ օրենքի նախագիծը օրակարգ չընդգրկվեց։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը բարկացավ Գևորգ Պետրոսյանի վրա՝ ասած արտահայտության համար։

«Հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ։ Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ։ Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն։ Մենք ավանդական ազգ ենք և մեր կուսակցությունում դա Ծառուկյանից սկսած անընդունելի է։ Ինչ ուզում են՝ թող ասեն։ Մենք հետամնաց ազգ ենք, չգիտեմ, մեր համար դա անընդունելի է»,-նշեց Ծառուկյանը։

ԲՀԿ խմբակցության առաջնորդը նշեց, որ Գևորգ Պետրոսյանին չեն զրկի ձայնից, քանի որ վերջինս ոչ ոքի չի վիրավորել և ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է։

Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին Ծառուկյանը նշեց, որ եթե բռնության դեմ ուզում են պայքարել, ապա թող Հայաստանի օրենսդրությամբ կարգավորումներ տան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել