Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը բաց նամակ է հղել ակտիվիստ Վարդգես Գասպարուն, որում ասվում է․
«Դեռևս սույն թվականի հունիսին դիմել եք ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին նամակով, որում նշել եք, որ ձեր հարևանությամբ ապրող տարեց ամուսինները ծեծի են ենթարկվել թաղի խուժանի կողմից, և երբ դիմել են ոստիկանություն, դեռ մի բան էլ իրենք են հայտնվել կասկածյալի կարգավիճակում։ Նամակի վերջում գրել եք՝ հաշվի առնելով, որ իրավապահները դեռ այդքան էլ իրենց տեղում և դերում չեն, ակնկալում եմ, որ որպես անպաշտպան, խոցելի ամուսիններին հուսախաբ արած քաղաքական ուժի ներկայացուցիչ, այցելեք տարեց ամուսիններին և ներողություն խնդրեք կատարվածի և նրանց անպաշտպան թողնելու համար։
Անսալով ձեր կոչին, ներողություն խնդրելու անկեղծ ցանկությամբ՝ խնդրել եմ օգնականիս կապ հաստատել Ձեր հետ՝ խնդրելով ինձ տրամադրել տարեց ամուսինների հեռախոսահամարը։ Ինչին ի պատասխան ասել եք, որ դեպքը շուտ է տեղի ունեցել և վստահ չեք, որ վերջիններս կցանկանան վերհիշել այն, և որ դուք պետք է նրանցից հարցնեք, դեմ չեն արդյոք ինձ հետ խոսել, նոր տաք նրանց հեռախոսահամարը։ Օրեր անց ինձ եք ուղարկել Ձեր հարևանի հեռախոսահամարը։ Իմ օգնականը հաջորդ իսկ օրը զանգահարել է պարոն Մելքոնյանին՝ նրա հետ ճշտելու դեպքի մանրամասները, անհրաժեշտության դեպքում նրա հետ հանդիպում կազմակերպելու, դե որ գնամ ու ներողություն խնդրեմ, ինչի համար էլ դուք նամակով դիմել էիք ինձ և գործընկերներիս։ Պարոն Մելքոնյանն օգնականիս ասել է, որ որևէ խնդիր չկա, որ որևէ բողոք, դժգոհություն չունի ոստիկանությունից։ Պարզվել է, որ թաղի խուժանը, որի մասին դուք գրել էիք, բակի դեռահաս երեխաներն են։ Պարոն Մելքոնյանն էլ օգնականիս ասել է, որ այո, եղել է վիճաբանություն վերջիններիս հետ և նա դիմել է ոստիկանություն, բայց հետո բողոքը հետ է վերցրել, քանի որ ինքն էլ ունի թոռներ, երեխաներ շատ է սիրում, ու չի ցանկացել խաղալ երեխաների ճակատագրի հետ։ Օգնականիս շարունակական պնդումներին և հարցերին պատասխանել է, որ, այդուհանդերձ, որևէ բողոք և դժգոհություն չունի այս հարցով ոստիկանությունից։ Հորդորել է մոռանալ այդ միջադեպը, ասելով, որ դա այլևս կարևորություն չունեցող հարց է, և խնդրել զբաղվել մեկ այլ խնդրով՝ ավտոտնակի հետ կապված։
Ժամեր անց դուք կապ եք հաստատել ինձ հետ, ասել, որ իմացել եք, որ ես կապվել եմ ձեր հարևանի հետ, և որ վերջինս խնդրել է մոռանալ բակի միջադեպը և զբաղվել ավտոտնակի գործով։ Հորդորել եք, մոռանալ ավտոտնակը և զբաղվել միջադեպով, քանի որ ավտոտնակը կարևոր չէ։ Կարծում եմ՝ դուք չեք կարող որոշել ձեր հարևանի փոխարեն, թե վերջինիս համար ինչն է կարևոր, ինչը՝ ոչ։
Դրանից հետո շարունակաբար հրապարակային կոչեր և «փնթի», «անպատկառ» պիտակներով ստատուսներ եք ձոնել ինձ և գործընկերներիս։
Հերթական լուտանքները կարդալով, երկրում չլինելով, կրկին խնդրել եմ օգնականիս զանգել պարոն Մելքոնյանին ու խնդրել լինել հնարավորինս անկեղծ, պատմել ողջ եղելությունը, ասել, թե ինչ դժգոհություն ունի ոստիկանությունից, կա՞ ինչ որ դրվագ, ինչի համար ես՝ Արուսյակ Ջուլհակյանս կարող եմ ներողություն խնդրել։ Վերջինս կրկին հորդորել է վերջապես մոռանալ այդ միջադեպը, քանիցս կրկնել, որ որևէ դժգոհություն չունի, անցած գնացած միջադեպ է։ Ասել է, որ նաև ձեր հետ կխոսի, որ վերջապես դուք էլ մոռանաք։ Լավատես է Ձեր հարևանն ակնհայտորեն արդեն վատ է զգում այս թեմայից, պարոն Գասպարի։ Եւ չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես կարծում եմ, որ մարդուց ներողություն կարելի է խնդրել, եթե վերջինս խնդիր է բարձրաձայնում, վիրավորված է։ Ձեր հարևանը խնդրում է մոռանալ այս թեման, ՄՈՌԱՆԱԼ։
Խնդրում եմ, հորդորում եմ պարբերաբար ինձ և գորրծընկերներիս փնթի և անպատկառ կոչելուց, ինչպես նաև տարեց ամուսիններից ներողություն խնդրել հորդորելուց առաջ հավաստիանալ, որ այս հարգարժան մարդկանց մեր ներողությունները պետք են, որ նրանք ցանկություն ունեն իրենց դժգոհությունները մեզ հայտնել, որոնց հիման վրա էլ գուցե և առաջանա նրանցից ներողություն հայտնելու անհրաժեշտություն։
Կուզեի հուսալ, որ սույնով այս թեման կփակենք, բայց ձեզ լավ ճանաչելով՝ կսպասեմ նոր նամակների։ Լավ եղեք»։