Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը նոյեմբերի 11-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3 մլրդ. 867 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 145 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 127478 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 133817 կատարողական վարույթ:
Զեկուցվել է, որ հոկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված հերթապահությունների ընթացքում 855 կատարողական վարույթի շրջանակում վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6778 քաղաքացի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված թերացումները բացառելու և աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։