Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել․ ԲԴԽ

Այսօր Բարձրագույն դատական Խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։
Խորհրդի անդամների հորդորով, նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից։

Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում` պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում, Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը` չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում, հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։

Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել