Նախատեսվում է աշխատողի նկատմամբ կարգապահական տույժը կիրառել նաև առանց բացատրության

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկում է աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չներկայացնի գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարգապահական տույժ նշանակելու մասին անհատական իրավական ակտերի բողոքարկման ժամանակ աշխատողից գրավոր բացատրություն պահանջած լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Գործող իրավակարգավորման համաձայն՝ գործատուն բացատրություն կարող է պահանջել նաև բանավոր կերպով, հետևաբար նշված փաստն ապացուցելու համար, որպես թույլատրելի ապացույց, կարող է հանդիսանալ ոչ միայն գրավոր, այլև բանավոր ապացույցը, օրինակ՝ վկայի ցուցմունքը:

Օրենսդրական նման կարգավորումը հաճախ չարաշահումների տեղիք է տալիս և անորոշության պատճառ է հանդիսանում: Այսպես, դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուն, պարտավոր չլինելով ունենալ աշխատողից բացատրություն պահանջած լինելու մասին գրավոր ապացույց, պնդում է, թե բացատրությունը պահանջել է բանավոր կերպով և, որպես նշված փաստը հիմնավորող ապացույց, վկայակոչում է վկաի ցուցմունքը: Վկայի կարգավիճակում, որպես կանոն, հանդես են գալիս գործատուի աշխատակիցները, ովքեր, աշխատանքային կախվածություն ունենալով գործատուից, երբեմն պատրաստ են լինում նաև տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Վկաի նման ցուցմունքին էլ հակադրվում է աշխատողի բացատրությունն այն մասին, որ գործատուն իրականում գրավոր բացատրության ներկայացնելու պահանջը չի ներկայացրել գրավոր: Քննարկվող կարգավորման անորոշությունն իրավունքների չարաշահման տեղիք կարող է տալ և կարող է հանգեցնել անարդար դատական ակտերի կայացմանը ու որպես հետևանք՝ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման փաստացի անհնարինությանը: Այսպիսի դեպքերում, փաստորեն, խախտվում է անձի՝ լսված լինելու իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել