ԱԺ պատգամավորները աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված նախագիծ են ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Հերիքնազ Տիգրանյանը առաջարկում են աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել:

Նախագծով առաջարկվում է, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը կիրականացնի առողջապահական և աշխատանքի ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս չի իրականացվում աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն և պետական վերահսկողությունից դուրս են մնում, մասնավորապես, աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, սեռային հատկանիշով պայմանավորված խտրականության, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը:

Նախագիծը նպատակ է հետապնդում ապահովելու յուրաքանչյուր աշխատողի, օրենքին համապատասխան, առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի իրացումը:

Նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ  կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել