Հայտնի են տարվա լավագույն համայնքները

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

Այս մասին հայտնում են Հայաստանի համայնքների միությունից։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ուղերձ հղեց Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված: 

Ուղերձում մասնավորապես նշված է. «Այսօր տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ՝ բայց դրանց իրականացման համար անհամապատասխան չնչին ռեսուրսներ։ Մեր բնակիչների վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, և միայն մոտ 8%-ն է մնում համայնքներին։ Այդպիսով կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազո¬րություն¬ներն անարդար են բաշխված։ Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր»։

Տեղական ինքնակառավարման 23-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը շնորհավորեց համայնքներին ու նշեց. «Սա մասնագիտական տոն է.  բոլորիս տոնն է: Դուք դժվարին աշխատանք ունեք. տեղական ժողովրդավարության առաջին գծում եք, պետք է ձեր աշխատանքներում ավելի ձեռքբերումներ ունենաք տարիների ընթացքում: 23-ամյակը քիչ չէ, որպեսզի տեղական ինքնակառավարման կայացման համար արդեն բազա ստեղծված լինի»:

Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տարբեր համայնքների մշակութային խմբերի պարային և երաժշտական կատարումներով:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր և Տեղ համայնքները:

«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը:

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:

«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան և Լոռի Բերդ համայնքները: 

«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սևան համայնքը:

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել