Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկյացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախատեսվում է, որ հաշմանդամության նպաստը կնշանակվի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա, որի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը կլինի հաշմանդամություն սահմանելու օրը, երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը։
Հաշմանդամության նպաստը կնշանակվի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է երեք ամսվա ընթացքում:
Հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:
Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը կվերականգնվի և նպաստը կվճարվի մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին
Թաղման նպաստ չի նշանակվի, եթե նպաստառուի մահվան օրվա դրությամբ նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է՝ բացառությամբ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու ինչպես նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքեր:
Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, կներկայացվի նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:
Նախագծի հիմանվորման մեջ ասվում է, որ լուծում է տրվել իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների։