Նոտարին սուտ ցուցմունք տալու համար որպես պատիժ տուգանք կամ ազատազրկում է նախատեսվում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

Առաջարկվում է․

  • իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.
  • նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը:
  • քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

Նախատեվում է, որ դիմողի միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք կվերցնի վկայից: Վկայի ներկայությունը կապահովի դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը պետք է նախազգուշացնի վկային սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան կստորագրի և որը կկցվի նոտարական գործին։ Ցուցմունքը կձայնագրվի, իսկ ձայնագրման կրիչը կկցվի նոտարական գործին:

Նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը կհաստատի միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով այսուհետ բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Նոտարը կընդունի իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, եթե`

1. ներկայացված փաստաթղթերը կամ վկայի ցուցմունքը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող   փաստը հաստատելու համար,

2. հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից կամ վկայի ցուցմունքից,

3. դիմողը հնարավորություն չունի այլ կարգով այսուհետ բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է.

Նշվում է նաև, որ քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, քաղաքացիական դատավարության գործով մասնագետի կողմից ակնհայտ կեղծ բացատրություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կպատժվի տուգանքով` 100 հազրից մինչև 300 հազար դրամի  չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունմամբ կընդլայնվի իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը և քրեական պատասխանատվություն  կսահմանվի նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել