Արգելվում է մանկական սննդի գովազդի կամ խրախուսման այլ ձևերով զբաղվելը․ օրենք

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողներին արգելվում է`

1) մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի կամ խրախուսման այլ ձևերով զբաղվելը.

2) արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը.

3) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը.

4) մանկական սննդի օգտագործման ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ մանկական կաթնախառնուրդով կերակրելն անհրաժեշտ է՝ ելնելով բժշկական ցուցումներից, կամ եթե մայրն ընտրել է մանկական սննդով կերակրումը:

Կարգավորումները սահմանված են «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքով։

Նշենք նաև, որ մանկական սննդի և հարակից ապրանքների խրախուսումն արտադրողների և (կամ) բաշխողների կողմից արգելվում է:

Արտադրողի և (կամ) բաշխողի կողմից արգելվում են խրախուսման հետևյալ եղանակները.

1) բուժաշխատողներին կամ առողջապահական կազմակերպություններին մանկական սնունդ և հարակից ապրանքներ նվիրելը կամ դրանք տրամադրելը հայտարարված մեծածախ գնից կամ մեծածախ գնի բացակայության դեպքում` մանրածախ գնի ութսուն տոկոսից ցածր գնով, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների.

2) մանկական սննդի և հարակից ապրանքների օգտագործումը խրախուսելու նպատակով առողջապահական կազմակերպությանն անվճար սարքավորումներ, պարագաներ տրամադրելը կամ ծառայություններ մատուցելը.

3) բուժաշխատողներին և առողջապահական կազմակերպություններին նվերներ, այդ թվում՝ գրիչներ, օրացույցներ, պաստառներ, հուշատետրեր, նոթատետրեր, հասակաչափեր, մանկան աճի կամ զարգացման գրաֆիկներ, խաղալիքներ տրամադրելը.

4) բուժաշխատողներին կամ բուժաշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին կամ արհեստակցական միություններին դրամական հատկացումներ տրամադրելը կամ առաջարկելը (նվիրատվություններ, հոնորարներ՝ մատուցված ծառայությունների համար, գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար՝ հատուցումներ, հետազոտական դրամաշնորհներ կամ հանդիպումների, սեմինարների, շարունակական ուսուցողական դասընթացների կամ գիտաժողովների հետ կապված դրամային հատկացումներ և այլն).

5) հղի կանանց կամ կերակրող մայրերի, մանուկների և վաղ տարիքի երեխաների ծնողների կամ նրանց ընտանիքների անդամների համար ծնելիության, հղիության, երեխայի ծննդի և սնուցման հետ առնչվող իրադարձություններ, միջոցառումներ, մրցույթներ, խորհրդատվական հեռախոսագծերի գործունեություն կամ արշավներ հովանավորելը.

6) մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման հետ առնչվող տեղեկատվական կամ ուսուցողական նյութերի տրամադրումը, տարածումը, ուսուցողական գործունեության ծավալումը, բացառությամբ լիազոր մարմնի հետ համաձայնեցված, մանկական սննդի և հարակից ապրանքների հատկանիշների գիտական ասպեկտներին կամ օգտագործման եղանակներին վերաբերող տեղեկատվության տրամադրման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել