Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումն է` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է:
Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 10 մլն հայկական դրամով։
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: