Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 17, 18 տարեկան երկու երիտասարդ, որոնք Մասիսի բնակիչներ են։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքից։ Երիտասարդների հետ զրուցել ոստիկանները չէին կարողացել, քանի որ նրանք ի վիճակի չէին բացատրություն կամ հաղորդում տալու։ Մինչ նրանց կազդուրվելը, ինչ օրեր տևեց, Մասիսի քրեական հետախույզները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տղաներին դանակահարած անձի ինքնությունը։ Մասիսի դպրոցներից մեկի բակում ծագած վիճաբանության ընթացքում Մխչյան գյուղում ապրող մի երիտասարդ դանակահարել էր մյուս կողմին։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։