Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բարերարների կողմից՝ բացառապես ռազմական նշանակության շրջանակներում՝ ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման և այլ ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը չհարկվի։
Նախագծի ընդունման դեպքում ռազմական նշանակության՝ ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները կորոշի Կառավարության լիազոր մարմինը։ Նախագիծը ներկայացրել են պատգամավորներ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Սերգեյ Բագրատյանը։
Հեղինակները նշել են, որ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ՝ առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի եւ այլ ապրանքների ներմուծման համար, հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծելիս գանձվում էր ԱԱՀ: Հետագայում եւ առ այսօր նման գործարքներ իրականացնելիս՝ միայն ՀՀ կառավարության որոշմամբ կարող է ԱԱՀ-ից ազատելու արտոնություն տրամադրվել: Բոլոր դեպքերում բացառապես ռազմական նշանակության գործարքները ՀՀ կառավարության կողմից չեն մերժվի, ուղղակի այս գործընթացի պարզեցման, ժամանակային առումով կրճատման եւ մատչելիության նպատակով է առաջարկվում օրենսդրական փոփոխությունը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման համար:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կատարվել են ներմուծումներ և ներմուծողները ծանրաբեռնվել են հարկերով, սակայն պետք է դա փաստաթղթավորվի, որպեսզի երևա՝ դա նվիրատվություն է։
«Իսկ նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը արդեն իսկ ազատված է հարկերից։ Եթե մի բան արդեն ազատված է ԱԱՀ-ից, ապա էս մասով մենք ի՞նչ ենք ուզում անել»,,-նշեց Արման Պողոսյանը։
Պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջարկեց, որ չհարկվելու համար կարող էին նվիրատուները ապրանքը թողնել սահմանին, պետությանը և հետո դա կտեղափոխեին առաջնագիծ։
Բագրատյանը հակադարձեց․ «Տանողները գիտենք ուր տարան։ Էդ մարդիկ ասում են՝ մենք մեր ձեռքով պետք է տանենք, տալիս ենք՝ տանում եք տուն։ Պետությունը Մանվելն էր ներկայացնում, տարա՞վ։ Հիմա բերանս եք բացում։ Հիմա մի Մանվել էլ կարա ստեղծվի»։
Որոշումը չընդունվեց, հանձանժողովի անդամները դեմ էին։
Մանրամասները՝ տեսանյութում