Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է կենսաթոշակ նշանակելիս մինչև 1996 թվականի նոյեմբերի 10-ը աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստատուղթ չի պահանջվի, եթե անձն աշխատել է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում առանց ենթակա կազմակերպությունների:
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ կհաշվառվեն նաև զինված ուժերի, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում ծառայելու ժամանակահատվածները:
Քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական ծառայության աշխատողների ծառայելու ժամանակահատվածների մեջ կհաշվառվեն նաև զինված ուժերի ինժեներատեխնիկական ծառայությունում, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի ինժեներաավիացոն ծառայությունում՝ ավիացիոն տեխնիկներ, շարժիչագործներ (մոտորիստներ), մեխանիկներ, ավիացիոն ինժեներներ, օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետեր աշխատելու ժամանակահատվածները:
Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում 2009 թվականի մայիսի 1-ից հետո ինժեներատեխնիկական ծառայության աշխատողները, ովքեր իրականացրել են օդանավերի տեխնիկական սպասարկում աշխատած ժամանակահատվածները կհաշվառվեն այդ կազմակերպության` օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելու իրավունք տվող սերտիֆիկատի վավերականության ժամանակահատվածում:
Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողներ, ովքեր իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը նրանց կենսաթոշակի չափը կվերահաշվարկվի այն օրվանից, երբվանից պետք է հաշվարկվեր հաշվի առնելով կենսաթոշակի գործում հայտնաբերված փաստաթուղթը, բայց ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրը: Եթե կենսաթոշակի գործում առկա չէ դիմում, որի հետ ներկայացվել է հայտնաբերված փաստաթուղթը ապա կենսաթոշակը կվերահաշվարկվի այն օրվանից, երբ հայտնաբերվել է այդ փաստաթուղթը:
Եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր կհամարվի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար կվճարվի չվճարված կենսաթոշակի գումար:
Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում կհաշվառվի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամ երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով, իսկ հաշմանդամ երեխայի խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում`նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված`խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:
Առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում կհաշվառվի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:
Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում աշխատած անձը` անհրաժեշտության դեպքում կներկայացնի նաև այդ կազմակերպության հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և օդանավերի տեխնիկական սպասարկման վկայականը կամ քաղաքացիական ավիացիայի տեխնիկական սպասարկման վկայականը:
Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, կներկայացվի նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին: