Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։
Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին խոսեց նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշեց, որ ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը։ Բազմիցս է հայտարարվել, որ ոստիկանությունում հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն ցանկացած դրսևորման հանդեպ։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ օրենք խախտած յուրաքանչյուր ծառայող հայտնաբերվելու և ենթարկվելու է պատասխանատվության։
Շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարի թեման՝ Արման Սարգսյանը հորդորեց ոստիկանության ստորաբաժանումներին ակտիվացնել աշխատանքը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։
Խոսվեց հանցագործությունների շարժընթացի ու բացահայտումների դինամիկայի մասին։ Արման Սարգսյանը մտագոհություն հայտնեց որոշ հանցատեսակների աճի համար և դրանց կանխման ու բացահայտման համար տվեց կոնկրետ ցուցումներ։
Քննարկելով քաղաքացիներին մատուցող ծառայությունների մասին հարցեր՝ Արման Սարգսյանը Ճանապարհային ոստիկանության ու անձնագրային և վիզաների վարչության ղեկավար կազմին հորդորեց լինել կարգապահ ու քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։
Մարզ առ մարզ քննարկվեց օպերատիվ իրավիճակը, կոնկրետ դեպքերով տրվեցին հանձնարարականներ։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու, ինչպես նաև բացահայտելու ուղղությամբ հանձնարարեց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների շարունակել համագործակցված աշխատանքը՝ ներգրավելով նաև ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներին։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանության գրագրությանը, օպերատիվ ծառայությանը, նյութատեխնիկական ապահովմանն ու կարգապահությանը վերաբերող խնդիրներ և այլ հարցեր։