Անձը սոցիալական կայքերի միջոցով գովազդում է, որ միայն անձնագրով և սոցիալական քարտերով տրամադրում է վարկ. փաստաբանը առաջարկում է կեղծ վարկային միջնորդությունները քրեականացնել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում, անդրադարձել է իր կողմից Ազգային Ժողովին ներկայացրած կեղծ վարկային միջնորդությունը քրեականացնող օրենքի նախագծին նշելով, որ ներկայումս կեղծ վարկային միջնորդությունը քրեականացնող նորմ ՀՀ քրեական օրենսգրքում առկա չէ:

«Այսօր ՀՀ կառավարությանը և ՀՀ ԱԺ-ին ներկայացրել եմ կեղծ վարկային միջնորդությունը քրեականացնող օրենքի նախագիծ՝ սահմանված կարգով քննարկելու և հետագա ընթացքը լուծելու նպատակով։

Ներկայումս կեղծ վարկային միջնորդությունը քրեականացնող նորմ ՀՀ քրեական օրենսգրքում առկա չէ։ Նմանատիպ արարքները պրակտիկայում որակվում են հիմնականում խարդախության, յուրացման կամ վատնման հանցակազմերի շրջանակներում կամ առհասարակ այս հիմքով չեն հարուցվում քրեական գործեր քաղաքացիաիրավական մեծ բաղադրիչ ունենալու հիմքով։ Նմանատիպ զարգացումները բավականին մտահոգիչ են, իսկ բուն արարքը օժտված է հանրային բարձր վտանգավորության աստիճանով։ Ինչպե՞ս է աշխատում կեղծ վարկային միջնորդության սխեման։ Անձը թռուցիկների կամ սոցիալական կայքերի միջոցով գովազդում է, որ միայն անձնագրով և սոցիալական քարտերով տրամադրում է վարկ հիմնականում 18-60 տարեկան անձանց։

Տուժողները այդ գովազդի հետքերով կապնվում են գովազդը տարածող անձանց /այսուհետ՝ Միջնորդ/ հետ և քննարկում են մարնամասները։

Միջնորդը՝

1-ին տարբերակ՝

տուժողներին տանում է ՀՀ-ում գործող բանկեր և հավաստիացնում, որ բանկում ամեն ինչ պայմանավորված է մնում է միայն անձնագրով մոտենալ և ձևակերպումներ կատարել։ Տուժողը մտնում է բանկ և օրինական ճանապարհով ստանում վարկը, իսկ 20-60 տոկոսը տալիս է Միջնորդին, իբրև թե վարկային միջնորդության գումար։

2-րդ տարբերակ՝

Միջնորդը տուժողներին տանում է կենցաղային տեխնիկայի վաճառքի կետեր վերջինիս անունով կնքվում է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր։ Միջնորդը իրեն է վերցնում վաճառված ապրանքը, իսկ դրա դիմաց տուժողին տալիս է գնված ապրանքի 40-60 տոկոս գումարը։

Այս արարքները էական վնաս են պատճառում անձանց և պետությանը, քանի որ անձինք Միջնորդին են տալիս ոչնչով չհիմնավորված գումար, իսկ միջնորդները, ըստ էության, զբաղվելով ձեռնարկատիրությամբ որևէ հարկ չեն վճարում պետությանը։

Սույն օրենսդրական լրացմամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝ քրեականացնելով կեղծ վարկային միջնորդությունը։ Ընդ որում՝ առաջարկվում է այս հանցակազմը ներառել մասնավոր հետապնդման գործերի մեջ, որը հնարավորություն կտա տուժողների և միջնորդների միջև արտադատական կարգով վեճի լուծման հնարավորություն և տուժողի խախտված իրավունքի վերականգնում։

Ընդ որում, առաջարկվող լրացմամբ՝ կեղծ վարկային միջնորդությունը բացառվում է բոլոր այն դեպքերում, երբ արարքը իր բնույթով առաջացնում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն։
Կեղծ վարկային միջնորդության հանցակազմի քննությունը առաջարկվում է հանձնել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթակայությանը»,- գրել է փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել