Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատական նիստի ժամանակ նշեց, որ քննությանը ուղղված խոչընդոտող գործողությունները կատարվել են դեռ 2008 թվականի մարտի 1-ին, և դրանք սույն գործով արդեն հաստատված են:
«Սույն գործով որպես վկա ներգրավված անձինք, ովքեր մասնակցել են որևէ կերպ ապացույցները կեղծելու, թաքցնելու, փոխելու գործընթացին՝ անջատված և նախաքնության փուլում գտնվող քրեկան գործով արդեն նրանց արարքները ստանում են համապատասխան գնահատականներ: Ես չեմ ուզում խոսել իրավունքի չարաշահման մասին, բայց ես առաջարկում եմ, որ մենք հնարավորինս շուտ անցնենք դատական քննության, որպեսզի կարողանանք հարցաքննել այն վկաներին ում վրա ներգործելու ռիսկեր կան»,- նշեց Գևորգ Բաղդասարյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմաման որպես խափանման միջոց կիրառել գրավը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: