Վազգեն Մանուկյանն ասել է՝ որ դեպքում կթողնի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը աշխատանքից դուրս կգա, երկու դեպքում. եթե վարչապետը իրեն հրավիրի և ասի, որ միասին աշխատել չեն կարող կամ, եթե որոշի սկսել քաղաքական պայքար: Այս մասին ասել է Վազգեն Մանուկյանը՝ իր պաշտոնական կայքում:

«Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի»,- նշել է Մանուկյանը:

Անդրադառնալով իր պաշտոնավարումը դադարեցնելուն՝ Մանուկյանը նշել է, որ տեխնիկապես դա կարող է արվել եկող տարվա ապրիլի 4-ից հետո:

«Երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ Հանրային խորհրդի առաջիկա նիստում քննարկվելու են հետագա անելիքները:

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհուրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2009-ի մայիսի 29-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Վերջին անգամ վերանշանակվել է 2019-ի ապրիլի 4-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել