ՀԾԿՀ նախագահը՝ ջրի և գազի գնի թանկացման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ջրի գինը չի բարձրանա:

«Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի։ Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է ձմռանը գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ընթացակարգային առումով դա հնարավոր չէ:

«Հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա, որովհետև եթե անգամ գնի բարձրացման կամ սակագնի վերանայման հայտ է ներկայացվում, գոյություն ունի հայտի ուսումնասիրության ժամկետ, և որոշում է կայացվում, որը ուժի մեջ է մտնում 30 օր հետո, այսինքն` հունվարի 1-ից չի կարող բարձրանալ»,- ասել է Բաղրամյանը:

Գարեգին Բաղրամյանը նաև նշել է, որ բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2026 թվականը:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր:

Տարբերությունը առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել