ԲԴԽ-ն մերժել է նախարարի միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդի սեպտեմբերի 10-ի նիստում, քննության է առնվել  Արդարադատության նախարարի հուլիսի 10-ի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը: 

Արդարադատության նախարարի դիրքորոշման մեջ նշվում է, որ 3 սնանկության գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պարտապանի լուծարման վարույթ սկսելու որոշումների կայացումից հետո սնանկության գործերով կառավարիչների կողմից որևէ հաշվետվություն դատարան չի ներկայացվել: 

Ուստիև, դատավորը խախտել է օրենքից բխող իր պարտականությունը: Անդրադառնալով կարգապահական խախտման էությանը՝ Արդարադատության նախարարը գտել է, որ առկա են հիմքեր դատավորի կողմից թույլ տրված խախտումը էական բնորոշելու համար: 

Դատավորի դիրքորոշման մեջ նշվում է, որ կարգապահական վարույթի շրջանակներում դատավորը ներկայացրել է գրություն Արդարադատության նախարարին և գրավոր պատասխան՝ բարձրագույն դատական խորհրդին ու արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարին ներկայացված գրությունում դատավորը նշել է, որ թիվ 19-Ա որոշմամբ վկայակոչված սնանկության գործերն այլևս իր վարույթում չեն գտնվում, և այն պայմաններում, երբ իր վարույթում եղել է 600-ից ավելի քաղաքացիական և սնանկության գործեր, հնարավոր չէ հիշել բոլոր գործերի փաստական տվյալները և կայացրած ակտերը: Դատավորը նաև նշել է, որ պատշաճ կարգով դիրքորոշում ներկայացնելու իր իրավունքն իրացնելու համար խնդրում է ուսումնասիրության համար տրամադրել թիվ 19-Ա որոշմամբ վկայակոչված բոլոր նյութերը:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված գրավոր պատասխանում դատավորը կարգապահական պատասխանատվության հիմքերի վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացրել՝ այն հիմնավորելով նրանով, որ իրեն չեն տրամադրվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված նյութերը՝ ամբողջությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է, որ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել