Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կսահմանվեն աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձևերը, աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը:
Կհաստատվեն զբաղվածության պետական ծրագրերի իրականացումն ապահովող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու աջակցության տրամադրման հավաստագրի, մասնագիտական ուսուցման ուղեգրի ձևերը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված աշխատավարձի հավելման չափերը` ըստ մասնագիտությունների, ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների՝ գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկի մասնակցության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի աշխատանքային գործունեության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի աշխատանքային գործունեության մասին` գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքների ձևերը, հողօգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց համար նախատեսվում է, որ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար այսուհետ կարող է ստանալ աջակցություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Նախատեսվում է նաև, որ աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներ կկինեն նաև` անձի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ հանդիսանալու հանգամանքը և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) հանդիսանալու հանգամանքը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ակնկալվում է հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող, այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված և, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները, աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով: