Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որը պաշտոնավավարել է 1999-ից 2016 թվականը, կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել և մի շարք այլ խախտումներ կատարել։
Նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված և տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որևէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական և փաստական հիմնավորումներից, և բացառապես ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային և միակողմանի աշխատանքի արդյունքն է:
«Խոսելով իրավական համակարգում առկա արատավոր երևույթների բացասական ազդեցության մասին՝ այս դեպքում ևս պետք է հստակ շեշտադրել և իր կարևորությամբ առանձնացնել ու ընդգծել Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և ներպետական իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի ոտնահարման հանգամանքը:
ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված տեսանյությում և պաշտոնական մեկնաբանություններում առկա է ակնհայտ ապատեղեկատվություն:
Ընդ որում առկա են անվերապահ հիմքեր միանշանակորեն պնդելու, որ ՀՀ ոստիկանությունը գործել է չարամտորեն և կանխակալ, քանի որ նրա տիրապետման ներքո գտնվող ապացույցներն անհերքելիորեն փաստում են, որ բացակայում է որևէ հիմք քրեական գործ հարուցելու, առավել ևս նման հաղորդագրություն տարածելու համար:
Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման անավարտ` կիսակառույց շինությունների օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացվել է տվյալ պահին գործող օրենսդրությանը համապատասխան, ինչի վերաբերյալ ապացույցներն առկա են կամ առնվազն պետք է առկա լինեն ոստիկանությունում:
Այսպես` գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով գույքի գնահատում իրականացնելուց հետո, որն իրականացվել է անհատ գնահատողի կողմից (ապացույցներն առկա են):
Այնուհետև` համայնքի ավագանու կողմից որոշում է կայացվել գույքը` գնահատված արժեքով, աճուրդի միջոցով, օտարելու մասին և կրկնակի աճուրդում հաղթող ճանաչված` առավելագույն գումար առաջարկած անձի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:
Եթե ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցուցաբերեին փոքր-ինչ անկողմնակալություն և պրոֆեսիանալիզմ, ապա միանշանակ կհամոզվեին, որ համայնքի ղեկավարի ազդեցությունը տվյալ գործընթացին եղել է բացառապես ֆորմալ, քանի որ համայնքի ղեկավարը չուներ ոչ գույքը գնահատելու, ոչ էլ առավել ևս այն օտարելու լիազորություն, այլ ընդամենը կատարել է ավագանու հանձնարարությունը:
Ինչ վերաբերում է հրապարակման այն հատվածին, որ համայնքի ղեկավարը ավագանու մեկ այլ որոշման հիման վրա օտարել է խողովակներ, որոնք հայտնաբերվել են քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղում, ապա այստեղ ոստիկանությունն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է հրապարակել, ինչն ուղղակիորեն վկայում է փաստերը կանխամտածված ձևով խեղաթյուրելու մասին, քանի որ նախ` ի սպառ բացակայում է որևէ հիմք հայտարարելու, որ համայնքի ղեկավարի կողմից օտարվել են ինչ-որ խողովակներ, բացի այդ տվյալ ընկերությունում առկա խողովակները ձեռք են բերվել Հանրապետության տարբեր տարածքներում գործող տնտեսավարողներից, իսկ ձեռք բերման փաստաթղթերը նույն ոստիկանության առաջին իսկ պահանջով անմիջապես տրամադրվել են վերջինիս, սակայն անհասկանալիորեն հրապարակվում է, թե իբրև դրանց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են: Այս մոտեցումը խիստ մտահոգիչ է, քանի որ ուղղակիորեն վկայում է անգամ անմիջականորեն ընկերության կողմից իրենց տրամադրված ապացույցների խեղաթյուրման միջոցով խիստ ուղղորդված և կողմնակալ քննություն կատարելու (ավելի ճիշտ չկատարելու) և հանրությանը սուտ տեղեկատվություն հրամցնելու հանգամանքի մասին:
Ամբողջ վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցները ակնհայտ ուղղորդված գործողություններ են իրականացնում` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով: Թե ինչով են պայմանավորված նման գործողությունները, կարծում ենք մոտ ապագայում հնարավոր կլինի պարզել»: